Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանը զգուշացնում է Շահրամանյանին՝ Հայաստանում մեկ կառավարություն կա


Նիկոլ Փաշինյան, Սամվել Շահրամանյան
Նիկոլ Փաշինյան, Սամվել Շահրամանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ըստ էության հակադարձելով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին՝ զգուշացրել է․ - «Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»։

«Ասենք՝ ամեն մեկը գնա, մի բնակարան վարձի ու ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էսինչի կառավարությունն ենք», - հավելել է նա։

Արցախի վերջին նախագահը երեկ «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում խոսել է Երևանում՝ Արցախի պետական մարմինների գործունեության մասին։ Մասնավորապես, ֆրանսիական պարբերականի հարցին, թե «Արցախն այլևս տարածք չունի, բայց ֆորմալ առումով դեռ կա վտարանդի պետություն և կառավարություն», Շահրամանյանն ասել է․ - «Այո՛, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ Երևանում, տեղակայված են նախագահական և Արցախի դատական և օրենսդիր կառույցների գրասենյակները։ Խորհրդարանականները կարող են հանդիպել այստեղ՝ քվեարկելու համար: Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի՝ կառավարության բոլոր նախարարները պահպանվում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։

Փաշինյանն այսօր կառավարության նիստում, առանց Շահրամանյանի անունը տալու, ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ, խոսելով վտարանդի կառավարությունների մասին, սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։

Փաշինյանը հստակ ուղերձ հղեց իրավապահ համակարգին․ - «Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է։ Եվ հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքներում թերացել են։ Ես ուզում եմ, որ էս ուղերձը հստակ լինի բոլորի համար։ Եվ սա ուղղակի հայտարարություն չէ, որը պարզապես հնչում է բարձրախոսից։ Սա հստակ արձանագրում է, և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում։ Ուզում եմ սա բոլորիս համար հասկանալի լինի»։


Ավելին, Փաշինյանը խոսեց համապատասխան միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, եթե արտաքին ուժերը փորձեն Հայաստանի անվտանգության համար խնդիրներ ստեղծել՝ օգտագործելով որոշ շրջանակների։ Թե արտաքին որ ուժերը կոնկրետ որ շրջանակներին կարող են օգտագործել, Փաշինյանը չմանրամասնեց։

«Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն նաև համապատասխան քայլեր, և ձեռնարկվեն միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն», - ասաց վարչապետը։

Սամվել Շահրամանյանը, որ հանրային ակտիվություն չի դրսևորում, օրերս Մոսկվայի տանը մասնակցել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մասին ռուսական «Վկան» ֆիլմի պրեմիերային, ինչպես նաև «Եվրամայդան. էությունը և հետևանքները» լուսանկարների ցուցահանդեսին։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել էր, որ այդ միջոցառմանը մասնակցող անձինք Ռուսաստանի բարեկամներն են։

Այսօր կրկին առանց Սամվել Շահրամանյանի անունը տալու Փաշինյանը կառավարության նիստին շեշտեց, թե նրանք, ովքեր այսօր խոսում են վտարանդի կառավարության մասին, իրենք իրենց պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորություն ունեցել են։ «Եվ տեսել ենք, թե ինչ են արել էդ հնարավորության հետ», - ասաց վարչապետը։

Սամվել Շահրամանյանը, մինչդեռ «Ֆիգարո»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր հրամանագրին, նշել է, թե ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ այն երաշխավորում էր արցախցիների համեմատաբար անվտանգ տարհանում։

«Ես շատ լավ գիտեի, որ այս փաստաթուղթն անօրինական է և հակասահմանադրական, քանի որ այն պետք է վավերացվեր Արցախի Հանրապետության օրինական կառույցների կողմից, բայց դա իմ հայրենակիցներին փրկելու ճանապարհն էր», - ասել է Շահրամանյանը։

Հարցազրույցում նա խոսել է նաև Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարների և ևս 7 զինվորականների մասին, նշելով, որ նրանց հետ հեռախոսով կապ են պահպանում։ Շահրամանյանը խնդրել է Ֆրանսիային ճնշում գործադրել նախագահ Ալիևի վրա՝ նրանց անհապաղ ազատ արձակելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG