Մատչելիության հղումներ

Հայաստանում շարունակվում են Տավուշում ընթացող սահմանազատման դեմ բողոքի ակցիաները


Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները Տավուշում ընթացող սահմանազատման դեմ. այսօր առավոտյան փակվել էր Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը, այնտեղ էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Գեղամ Մանուկյանը: Տեղում էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Հովհաննես Արիստակեսյանը, ով պահանջում էր ճանապարհը բացել:

Ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում էր, բայց բախման այն չհասավ:

11:30-ի դրությամբ ոստիկանությունը հայտնեց՝ ճանապարհը, բաց է, փակ ճանապարհներ չկան:

Գյումրիում էլ երեկոյան Սուրբ Հակոբ եկեղեցու դիմացից Ավտոերթ է տեղի ունեցել ի զորակցություն տավուշցիների: Կազմակերպիչը նորաստեղծ «Շիրակ հանուն հայրենիքի» նախաձեռնությունն է, ինչպես «Ազատությանը» հայտնեց այդ նախաձեռնության անդամ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արմեն Ներսիսյանը, ավտոերթը ի աջակցություն Տավուշի բողոքի ցույցի է:

«Մայր Հայաստան» կուսակցության մի քանի անդամներ էլ Անդրանիկ Թևանյանի ղեկավարությամբ այսօր մոտ երկու ժամանոց երթ են անցկացրել բուհերով:

Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես տեղում, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում բողոքող տավուշցիներն ասում են՝ միակողմանի զիջումներ են արվում, իրենց համար անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծվում: Իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, որ սահմանազատմամբ անվտանգային ռիսկերը նվազում են:

Մինչ այդ Քննչական կոմիտեն այսօր հայտնել է բողոքի ակցիաների մասնակիցների նոր կալանավորումների մասին: Խոսքը նոյեմբերյանում ապրիլի 21-ին և 23-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին է: Ապրիլի 21-ի Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու գործով խուլիգանության համար 4 մեղադրվողներից երեքն արդեն կալանավորված են: Նախ հայտնի էր դարձել «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանի կալանավորման մասին, այսօր արդեն Քննչական կոմիտեն հայտնել է, որ ևս 2 հոգի կալանավորվել են: Նրանց թվում, ըստ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, Վահագն Մախսուդյանն է՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին:

Քրեական գործը վերաբերում է այդ օրը «Ուազ» մակնիշի մեքենայի ընթացքը խոչընդոտելու, դիմապակին կոտրելու և մեքենայի անվադողերը վնասելու միջադեպին:

Միհրան Մախսուդյանն ինքը՝ ապրիլի 23-ին Բագրատաշենի հարակից մայրուղին փակած ցուցարարների և ոստիկանների միջև բախման ընթացքում բերման էր ենթարկվել, այդ ընթացքում վնասվածքներ էր ստացել, Ոստիկանություն հասնելուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել էին ուղեղի ցնցում և սալջարդ:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել էին, որ Նոյեմբերյանի հիվանդանոցից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգման հոդվածով: Մյուս քրեական գործը, որով կալանավորվածներ կան, Նոյեմբերյանում ապրիլի 23-ին, ըստ Քննչականի, խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդումն է: Նրանցից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ և բացակայելու արգելք:

Իսկ ապրիլի 26-ին Երևան - Սևան մայրուղու Հրազդանի հատվածում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանն այսօր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, պնդելով, որ այդ օրը ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինի զրկել են ազատությունից, տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք, ապա տեղեկացրել են, որ իրեն բերման չեն ենթարկել:

Արթուր Խաչատրյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանին է մեղադրում այդ օրը քաղաքացիական հագուստով հրամաններ տալու և քաշքշուկ հրահրելու համար:

XS
SM
MD
LG