Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր մակարդակ է․ չեղարկվել է լիագումար նիստը


Ցուցարարները խորհրդարանի դարպասների մոտ, 1-ը մայիսի, 2024թ․
Ցուցարարները խորհրդարանի դարպասների մոտ, 1-ը մայիսի, 2024թ․

Վրաստանի խորհրդարանում սահմանվել է անվտանգության կարմիր մակարդակ, որը կգործի մինչև ժամը 14:00-ն։ Չեղարկվել են նախատեսված միջոցառումները՝ բյուրոյի և լիագումար նիստերը, հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։

«Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանի պալատի վրա բողոքի ակցիայի մասնակիցների հարձակման հետևանքով վնասվել է խորհրդարանի շենքը և ենթակառուցվածքները, հետևաբար այսօր՝ մայիսի 2-ին, նախատեսված միջոցառումները չեղարկվել են »,- ասվում է հաղորդագրությունում։

Հաղորդվում է, որ այս պահին խորհրդարանի տարածքում, շենքի ներսում «մաքրման և վերականգնման աշխատանքներ» են ընթանում։

Անվտանգության կարմիր մակարդակի դեպքում չի թույլատրվում ելումուտը խորհրդարան, բացառությամբ այն անձանց, որոնց նույնականացրել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը։ Անվտանգության դեղին մակարդակին վերադառնալու պարագում կթույլատրվի միայմ խորհրդարանի աշխատակիցների մուտքը։

Երեկ ուշ երեկոյան հազարավոր քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, որը երեկ օրենսդիր մարմինն ընդունեց երկրորդ ընթերցմամբ։

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կրկին հատուկ միջոցներ է կիրառել, երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ ութ ցուցարար է հոսպիտալացվել։

XS
SM
MD
LG