Մատչելիության հղումներ

Ստավրոպոլում ռուսական ռմբակոծիչ է կործանվել, ուկրաինական կողմը հայտարարում է՝ «սա վենդետա է» Դնեպրի համար


19-ը ապրիլի, 2024թ․
19-ը ապրիլի, 2024թ․

Ռուսական Ту-22М3 ռմբակոծիչը, որով ռուսական կողմն ուկրաինական տարածքներին է հարվածել, ուկրաինական զինուժն է խոցել, հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

«Սա մեր խաղաղ քաղաքակների վրա ռուսական հարվածների վենդետան է, այդ քաղաքներում խաղաղ բնակիչներ են զոհվել», - ասել է ռազմաօդային ուժերի մամուլի քարտուղար Իլյա Եվլաշը «Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում։

Այսօր առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ստավրոպոլի երկրամասում Ту-22М3 ռմբակոծիչ է կործանվել, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել մարտական առաջադրանքը կատարելուց հետո օդանավակայան վերադառնալիս։

Գերատեսչության տվյալներով՝ երեք օդաչուները դուրս են նետվել, փրկարարներն անձնակազմին տարհանել են, այս պահին մեկ օդաչուի որոնումները շարունակվում են։

Նախարարությունը նշում է, որ ինքնաթիռում զինամթերք չի եղել, գետնի վրա ավերածություններ չկան։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է։

Ավելի վաղ շրջանի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովն էր հաղորդել Ստավրոպոլի երկրամասի Կրասնոգվարդեյսկիի տարածքում ավիավթարի մասին՝ չնշելով ինքնաթիռի տեսակը։

Այսօր առավոտյան ուկրաինական կողմը հաղորդել էր, որ Դնեպրում ապրիլի 19-ի առավոտյան ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 15-ը վիրավոր են։

«Վիրավորների թվում կան երեխաներ, մեկի վիճակը ծանր է: Չորս առանձնատուն մասամբ ավերվել է, ևս ութը վնասվել է։ Ութամյա մեկ երեխա մահացել է հիվանդանոցում», - հայտնել է Դեպրոպետրովսկի մարզի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG